Մեծ Բրիտանիան կգնի 138 անտեսանելի կործանիչ՝ ԴԱԻՇ-ին հարվածներ հասցնելու համար: Այդ մասին The Sunday Times լրատվամիջոցին տեղեկացրել է երկրի գանձարանի կանցլեր Ջորջ Օսբորնը:
Այդ նպատակով կծախսվի 12 միլիարդ ֆունտ ստերլինգ (ավելի քան 18 մլրդ դոլար): Ինքնաթիռների մոդելը չի նշվում:
Օսբորնի խոսքով՝ կործանիչների ձեռք բերումը Մեծ Բրիտանիային կդարձնի ԱՄՆ-ից հետո ռազմական հզորությամբ երկրորդ երկիրը և թույլ կտա պայքարել ԴԱԻՇ-ի և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ:
Լրատվամիջոցի պնդմամբ՝ Մեծ Բրիտանիան երկու շաբաթից կարող է Սիրիայում հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ին, եթե Բրիտանիայի խորհրդարանը քվեարկի կառավարությանը նման մանդատ տրամադրելու օգտին:
Համայնքների պալատը վերոնշյալ հարցով քվեարկություն կանցկացնի երկու շաբաթվա ընթացքում: Օրենքը հավանության արժանացնելուց հետո արդեն մի քանի ժամ անց առաջին կործանիչները կարող են հարվածներ հասցնել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կողմ է նաև, որ Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերը ռմբակոծելուց բացի՝ բրիտանական օդուժը գործողություններ իրականացնի Սիրիայում: Ավելի վաղ վարչապետի առաջարկը հավանության չի արժանացել խորհրդարանի կողմից: