Կարևոր իրադարձություններ

Գյումրու 5 տեղամասում վերահաշվարկ կկատարվի տեխնիկական անճշտությունների պատճառով

31 Մարտ, 2025 17:15
Գյումրու 5 տեղամասում վերահաշվարկ կկատարվի տեխնիկական անճշտությունների պատճառով

Անճշտությունների պատճառով Գյումրու 5 տեղամասում վերահաշվարկ կիրականացվի:

Թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ անճշտությունները զուտ տեխնիկական բնույթի են եղել և կապ չունեն արձանագրված արդյունքների ու քվեների հետ:

«Հինգ տեղամասում արձանագրվել են անճշտություններ արձանագրություններում՝ տրամադրվող կտրոնների թվի հետ կապված: Դա հիմնականում տեխնիկական խնդիր է, որը վերաբերում է հանձնաժողովի տրամադրած համարակալված կտրոններին, բայց ամեն դեպքում մենք վերահաշվարկ կանենք, որպեսզի չլինեն խոսակցություններ անճշտությունների մասին. դրանք 31/22, 31/70, 31/67, 31/50, 31/41 տեղամասերն են:

Խոսքը վերաբերում է լրացուցիչ ընտրացուցակներով ընտրություն կատարելու համար տեղամասերին հատկացված կտրոններին: Ամեն տեղամասի 100 նման կտորն ենք տրամադրել, ըստ տրամաբանության՝ էդ 100 հատի շուրջ պետք է հաշվարկը լիներ:

Բայց մեկի մոտ գրված է՝ կտրոնների թիվը 100, տրամադրված կտրոնների թիվը 667, կարո՞ղ է նման բան լինել, տեխնիկական խնդիր է, ու էսպես բոլորինը: Մեկն էլ գրել է կտրոնների թիվը՝ 50:

Ասում եմ՝ ինչքա՞ն եք ստացել, ասում է 100: Երևի հոգնածության արդյունք է եղել, կամ էլ շտապել են, շուտ գրենք, հանձնենք: Ու եկան մինչև առավոտ 8-ը ստեղ մնացին»,- ասաց Տիգրան Ղազարյանը:

Բացի այս 5 տեղամասից, վիճակահանությամբ կընտրվի ևս 3-ը, որոնցում կրկին վերահաշվարկ կլինի: Դա, ըստ նրա, օրենքի պահանջն է:

Թիվ 31 ԸԸՀ-ն քաղաքացիական ուժերից վերահաշվարկի դիմումներ մինչ այս պահը չի ստացել։ Ուժերը դա կարող են անել մինչև ապրիլի 1-ը՝ ժամը 11:00-ն:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ Տիգրան Ղազարյանը ասաց՝ մինչ այս պահը գրավոր բողոքներ չեն ստացվել: Հրապարակումներն ու համացանցում արված գրառումները հիմք չեն:

«Եղել է բողոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որը վերաբերել է ոչ թե ընտրական պրոցեսին, այլ ընտրության օրը քարոզչությանը: Մենք այդ փաստերը կուսումնասիրենք:

Մեկ գրություն էլ ստացել ենք ՀՀ ոստիկանությունից այն մասին, որ իրենք զանգ են ստացել քաղաքացուց, որը բողոքել է, որ հանձնաժողովի նախագահը իր գործառույթներին չի տիրապետում»,- ասաց Ղազարյանը:

Լրահոս

Դիտել ավելին