Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հայտարարվել է «Գոնկուր» գրական մրցանակի հաղթողը

31 Մարտ, 2025 18:30
Հայաստանում հայտարարվել է «Գոնկուր» գրական մրցանակի հաղթողը

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր հայտարարվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողի անունը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ անցյալ տարի ՀՀ-ն դարձել է «Գոնկուր» գրական մրցանակի ընտրություն կատարող 39-րդ երկիրը։ Նախաձեռնությունն իրականացվում է «Նյումեգ» հրատարակչության հետ գործընկերությամբ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) աջակցությամբ։

Հաղթող գրքի ընտրությունը կատարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժիններում սովորող 30 ուսանողից կազմված ժյուրին:

«Գոնկուր»  ակադեմիայի կողմից առանձնացված 8 գրքից  հաղթող է ճանաչվել Գաել Ֆեյի «Ջակարանդա» գիրքը (Gaël Faye Jacaranda), որը պատմում է Ռուանդայի ցեղասպանության մասին, բայց նաև սիրո և մարդկային ճակատագրերի մասին հուզիչ պատմություն է: Հաղթող վեպը կթարգմանվի հայերեն և լույս կտեսնի «Նյումեգ» հրատարակչության կողմից:

Շնորհավորելով միջոցառման մասնակիցներին և հաղթողին` նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Գոնկուր» գրական մրցույթի անցկացումը Հայաստանում հաջողություն է:

«Ուրախ եմ, որ հայ ուսանողները բարձր մակարդակի գրականություն  են կարդում բնագրով, տվյալ դեպքում՝ ֆրանսերենով: Այս մրցույթին մասնակցությունն աշխարհի առաջադեմ երիտասարդության հետ հաղորդակցվելու ձև է:

Անկախ բնակության վայրից և երկրից` բոլոր երիտասարդներն ունեն ընդհանուր խնդիրներ և միասնական մտածողություն տարբեր հարցերի շուրջ: Տարիքին բնորոշ էմոցիաները` սերը, աշխարհը  դեպի լավը փոխելու ազնիվ մղումը և մյուս հարցերը, բնորոշ են բոլոր երիտասարդներին:

Այդ գաղափարների իրագործման համար գիտելիքն առաջնային կարևորություն ունի, որը  ձեռք է բերվում գրքերի միջոցով»,- ասել է Դանիել Դանիելյանը` շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպմանը մասնակցող ուսանողներին և բուհերին:

Նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է տարբեր ծրագրեր գրահրատարակչության ոլորտի զարգացման նպատակով:

Նա նշել է, որ առաջիկայում նախարարության աջակցությամբ մեր երկրի պատվիրակությունը կմասնակցի Փարիզի գրքի միջազգային փառատոնին: Բացի այդ՝ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է նաև Լայպցիգի և Ֆրանկֆուրտի գրքի փառատոներին:

«Հայաստանն ու Ֆրանսիան գրական հարուստ ժառանգություն ունեցող երկրներ են: Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում ստեղծված գրականությունը մարդանց խորհելու, մտածելու մեծ գաղափարներ է տալիս»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին` ընդգծելով ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում  «Գոնկուր» գրական մրցանակի անցկացման կարևորությունը:

Նշենք, որ Հայաստանում «Գոնկուր»  գրական մրցանակի ընտրության մեկնարկը տրվել է 2024 թվականի հոկտեմբերի 12-ին «Ֆրանկոֆեստ» միջոցառման շրջանակում:

Երևանում անցկացված մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել հայտնի գրող, փիլիսոփա և ֆրանսիական Գոնկուրի ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները և «Գոնկուր» ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն։

Նախաձեռնությունը կանցկացվի ամեն տարի. նպատակը Հայաստանում ժամանակակից ֆրանսալեզու գրականության համար մրցանակի սահմանումն ու հաղթող ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ հրատարակումն է:

Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Ընտրությանը մասնակցում է 10 հայտնի հեղինակներից բաղկացած ժյուրին։

Լրահոս

Դիտել ավելին