Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ. Սիմիդյանն ընդունել է տարածաշրջանային տնօրենին

08 Ապրիլ, 2025 15:34
ՀՀ-ն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետ. Սիմիդյանն ընդունել է տարածաշրջանային տնօրենին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության, Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։

Այս մասին տեղեկացնելով իր էջում՝ Սիմիդյանը հայտնել է, որ հանդիպումը կարևոր արձանագրում է Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։ 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության շարունակական կատարելագործման, բնության պահպանության, կենսաբազմազանության պահպանման և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների կարևորությունը։

Մասնավորապես անդրադարձ ենք կատարել Հայաստանի տարածքում UNEP-ի աջակցությամբ արդեն իրականացվող և ծրագրավորված բնապահպանական ծրագրերին, որոնք միտված են էկոհամակարգերի կառավարման արդյունավետության բարձրացմանը, բնապահպանական կառավարման ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Առնոլդ Կրեյլհուբերին եմ ներկայացրել ընթացիկ աշխատանքները, որոնք ուղղված են 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունում Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) պատշաճ կազմակերպմանը։ Ընդգծել եմ, որ Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այս կարևորագույն համաժողովի կազմակերպման գործընթացին՝ դիտարկելով այն որպես հնարավորություն՝ ներկայացնելու երկրի հանձնառությունը կենսաբազմազանության պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք համաժողովի անցկացման ենթակառուցվածքային, բովանդակային և կազմակերպչական հարցեր, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների շարունակական աջակցությունը։ Նշել եմ, որ UNEP-ի աջակցությունը կարևոր դեր կարող է խաղալ COP17-ի հաջող անցկացման, ինչպես նաև երկարաժամկետ բնապահպանական ծրագրերի կյանքի կոչման գործում։

 

Քննարկել ենք նաև առանձին ծրագրեր, ներկայացրել եմ դրանցից յուրաքանչյուրի մասով առաջընթացը և գույքագրված խնդիրները։ UNEP-ի աջակցությունը այդ ծրագրերին դիտարկվում է որպես կարևոր ներդրում՝ Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգի բարելավման գործընթացում։

Հանդիպման ավարտին վերահաստատել ենք մեր հանձնառությունը՝ համատեղ ջանքերով նպաստելու գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը՝ հիմնվելով միջազգային գործընկերության, համատեղ նախաձեռնությունների զարգացման և կայուն զարգացման սկզբունքների վրա»,- գրել է Սիմիդյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին