Կարևոր իրադարձություններ

Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին

10 Հուլիս, 2026 20:30
Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչներ աջակցություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին

Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի։ Ստորագրահավաքի մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։


Հայտարարության հեղինակներն իրենց «վրդովմունքն ու անհանգստությունն» են հայտնել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ՝ դրանք որակելով որպես «աննախադեպ և անարդար ճնշումներ»։


Նրանց խոսքով՝ Ծառուկյանը տարիներ շարունակ Հայաստանում ստեղծել է բիզնես նախագծեր, ապահովել աշխատատեղեր, աջակցել սպորտին, մշակույթին, կրթությանը, եկեղեցուն և տարբեր բարեգործական ծրագրերի։


Հայտարարության մեջ նշվում է, որ խոշոր ձեռնարկությունների գործունեության հնարավոր խաթարումը կարող է բացասաբար անդրադառնալ աշխատակիցների և երկրի գործարար միջավայրի վրա։



«Գագիկ Ծառուկյանն ամբողջ կյանքում կառուցել է Հայաստանում, բարիք ստեղծել մեր երկրի համար, տասնամյակներ շարունակ աջակցել է սպորտին, մշակույթին, կրթությանը, եկեղեցուն, աշխարհի բոլոր ծայրերում հայապահպանությանը»,- ասված է հայտարարությունում։



Ստորագրողները պահանջել են դադարեցնել, իրենց ձևակերպմամբ, «աննախադեպ բռնաճնշումները» և նշել, որ Ծառուկյանի նկատմամբ գործընթացը համարում են մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարում։


Նրանք նաև ընդգծել են, որ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ որոշումները հիմնված են օրենքի և իրավաչափության սկզբունքների վրա։



Հայտարարությանը միացել են մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, իրավապաշտպան և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ ՀՀ ժողովրդական արտիստներ, դերասաններ, երգիչներ, ռեժիսորներ, մարզիկներ, նախկին պաշտոնյաներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։


Ստորագրողների թվում են, մասնավորապես, Մարտին Վարդազարյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շուշան Պետրոսյանը, Ավետ Բարսեղյանը, Արտակ Բեգլարյանը, Աբրահամ Գասպարյանը, Վիկ Դարչինյանը, Հարություն Հակոբկոխյանը և այլք։



Հայտարարության վերջում նշվում է, որ ստորագրողները իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին։

Լրահոս

Դիտել ավելին