Իսրայելի գործողությունները քննադատող ԵՄ 9 երկիր կոչ է արել խիստ միջոցներ ձեռնարկել օկուպացված տարածքներում գտնվող հրեական բնակավայրերի հետ առևտրի դեմ։
Եվրոպական Euractiv լրատվական կայքը գրում է, որ Բելգիան, Իռլանդիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովենիան, Ֆինլանդիան և Շվեդիան համատեղ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ պահանջելով մշակել Արևմտյան ափի բնակավայրերի հետ առևտրային հարաբերությունները դադարեցնելու հստակ ծրագիր։
«Խնդիրն է երաշխավորել, որ ԵՄ քաղաքականությունն ուղղակի կամ անուղղակի չի նպաստելու անօրինական իրավիճակի պահպանմանը»,- ասվում է նամակում:
Euractiv-ը պարզաբանում է, որ հաղորդագրության նախաձեռնողը բելգիական կողմն էր, և նամակը Կալասին են ուղարկել ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից կարճ ժամանակ առաջ։
Հունիսի 23-ի հանդիպման ժամանակ նախարարները մտադիր են քննարկել իսրայելցի քաղաքական գործիչների և «արմատական վերաբնակիչների» դեմ պատժամիջոցները։
«ԵՄ-ն մնում է Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերը, որին նախորդ տարի բաժին է ընկել 42,6 մլրդ եվրո ապրանքաշրջանառություն։
Սակայն անհասկանալի է մնում, թե առևտրի այդ ծավալի որ մասն է ներառում օկուպացված տարածքներում իսրայելական բնակավայրերի արտադրանքը»,- նշում է Euractiv-ը։