Կարևոր իրադարձություններ

Դավթաշենի բազմաբնակարան համալիրի շուրջ ամիսներ տևած վեճը մոտ է կոռուցողական լուծմանը

26 Հունիս, 2025 15:45
Դավթաշենի բազմաբնակարան համալիրի շուրջ ամիսներ տևած վեճը մոտ է կոռուցողական լուծմանը

«Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությունը գրավոր հայտնել է իր պատրաստակամությունը՝ Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող 4000 քմ հողամասը միավորել Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող բնակելի համալիրի ընդհանուր օգտագործման տարածքին։

Հիշեցնենք` խնդիրը ծագել էր այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ բնակելի համալիրի բակային հատվածից առանձնացված է եղել հողատարածք, որը կառուցապատողը նախատեսել էր վաճառել այլ անձի։ Սա առաջացրել էր բնակիչների դժգոհությունը, քանի որ նշված հողամասը ի սկզբանե նախատեսված էր ընդհանուր օգտագործման համար:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրել էր, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեում առանձնացված 4000քմ հողամասում շինարարություն չի նախատեսվում, և այն ընդգրկված է համաձայնեցված նախագծում՝ միայն կանաչապատման և բարեկարգման նպատակներով։ Նա նաև նշել էր, որ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը և 2024թ․ գլխավոր հատակագիծը բացառում են այդ տարածքում ցանկացած կառուցապատում։

Իսկ բնակիչները հստակ պահանջել էին, վերամիավորել առանձնացված հողամասը բնակելի համալիրի հիմնական հողատարածքին, և տրամադրել շահագործման թույլտվության երաշխիքներ՝ հաշվի առնելով կառուցապատողի սնանկ լինելը։ Բնակիչները նաև ուղղիղ հարց էին հղել կառուցապատողի ներկայացուցիչներին` արդյոք պատրա՞ստ են իրենք ինքնակամ լուծել հողամասի նախնական առուվաճառքի ապօրինի կնքված պայմանագիրը:

Սակայն ներկայացուցիչները խուսափել էին հստակ պատասխան տալ` այն տեղափոխելով սնանկության կառավարչի դաշտ։ Այս ամենի ֆոնին քաղաքապետը առաջարկել էր, որ կողմերի փաստաբանները կազմակերպեն հանդիպում՝ քննարկելու ստեղծված իրավիճակի մանրամասներն ու հնարավոր լուծումները՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում գործընթացին կարող են միանալ նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները։

Այս հայտարարությունից հետո բնակիչների շահերը ներկայացնող AM իրավաբանական ընկերությունը ձեռնարկեց իրավական գործընթաց: Բնակիչների շահերը ներկայացնող AM իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանը հայտնեց, որ կառուցապատողի փաստաբանների հետ բանակցությունների արդյունքում կառուցապատողը գրավոր հայտնել է առանձնացված հողամասը վերամիավորելու իր պատրաստակամության մասին՝ դիմում ներկայացնելով գրավառու ԱՄԻՕ բանկ ՓԲԸ-ին, ինչին ի պատասխան բանկը գրավոր համաձայնություն է տրամադրել հողամասի վերամիավորման համար։ Բանկը 2025 թվականի հունիսի 17-ին տրամադրել է իր գրավոր համաձայնությունը՝ նշելով, որ այն ուժի մեջ է 15 աշխատանքային օր՝ մինչև հուլիսի 7-ը։

Այժմ մնում է կատարել Կադաստրի կոմիտեում պետական գրանցման բոլոր անհրաժեշտ գործընթացները՝ հողամասի պաշտոնական վերամիավորումն ապահովելու համար։

Այս քայլը միաժամանակ վերականգնում է բնակիչների իրավունքները և վկայում է կառուցապատողի պատրաստակամության մասին՝ համագործակցելու իրավական ճանապարհով։

Լրահոս

Դիտել ավելին