Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը հայտարարել է Ռուսաստանից ներմուծված սոխի օղակների խմբաքանակի ոչնչացման մասին։
«Կայացվել է համապատասխան որոշում, արտադրանքի խմբաքանակը ոչնչացվել է»,- ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ նմուշների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են պաթոգեն մանրէներ։
Նշվում է, որ սոխի օղակները արտադրվել են ռուսական «Միրատորգ-Զապադ» ձեռնարկությունում։
Ուշագրավ է, որ նման դեպքերում խմբաքանակները սովորաբար հետ են ուղարկվում, սակայն դատելով վերջին իրադարձություններից՝ ենթադրելի է՝ ինչու է Ադրբեջանը որոշել ոչնչացնել խմբաքանակը:
Հիշեցնենք՝ ռուսների և ռուսական արտադրանքի նկատմամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև նախօրեի ապօրինի ձերբակալությունները կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:
Ադրբեջանի մշակույթի նախարարությունը նաև որոշում է կայացրել Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված բոլոր միջոցառումները չեղարկելու մասին:
Բացի այդ՝ ադրբեջանական կողմը սեփական նախաձեռնությամբ չեղարկել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ այս օրերին դեպի Բաքու նախատեսված այցն ու հայտարարել՝ Օվերչուկի կամ մյուս ցանկացած ռուս պաշտոնյայի մուտքն Ադրբեջան համարում են ոչ անհրաժեշտ և ոչ նպատակահարմար: Բաքուն նաև տեղի արտգործնախարարություն է հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին, բողոք ներկայացրել։
Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։ Գործողության արդյունքում հայտնի է, որ մահացել է երկու ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։