Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանն այն մասին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից:
Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար:
Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»,- ասված է պատասխանում: