Կառավարության որոշմամբ «Նոա» ՖԱ–ին կվաճառվի ենթակառուցվածքների հողատարածքը: Այս մասին հայտնում են ֆուտբոլային ակումբից:
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՀՀ Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել «Նոա» ՖԱ–ի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։
Ըստ ընդունված որոշման՝ «Նոա» ՖԱ–ին է վաճառվում ընդհանուր առմամբ 23.8 հա մակերեսով հողամաս, որը նախատեսված է լինելու միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների կառուցման համար։
«Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանն ընդունված որոշման վերաբերյալ նշել է.
«Երկար ժամանակ է, ինչ սերտ համագործակցում էինք Կառավարության հետ՝ հողատարածքի գնման լավագույն լուծումը և ձևաչափը գտնելու համար։ Երջանիկ և հպարտ ենք, որ առաջին և կարևոր քայլն արեցինք։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել ներգրավված բոլոր պաշտոնյաներին։
Մենք գերազանցության ենք գնում ֆուտբոլային բոլոր ուղղություններով, և մեր ամենամեծ երազանքներից մեկը հենց սա է՝ ստեղծել Հայաստանի նորանկախ պատմության լավագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկը և առաջին գերժամանակակից մարզադաշտը՝ հագեցած բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով։
Սա մեր երազանքների գրքի հերթական տողն է։ Մեծ պատասխանատվությամբ ենք մոտենալու այս գործին, քանի որ սա առաջին հերթին հայկական ֆուտբոլի ապագայի համար կարևոր հիմք է, ժառանգություն ապագա սերունդներին։
Ջանք ու միջոց չենք խնայելու՝ հասնելու լավագույն արդյունքին՝ հանուն հայկական ֆուտբոլի ու Հայաստանի»։