Քրեակատարողական բժշկական կենտրոնն առաջարկել է կազմակերպել Միքայել Սրբազանին ցուցված վիրահատությունը
11 Դեկտեմբեր, 2025 15:20
Միքայել սրբազանի պաշտպանական թիմը հայտնում է, որ դեռ հոկտեմբերի 7-ից դիմել էին Միքայել սրբազանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում սեփական միջոցներով վիրահատելու համար, սակայն երկու ամիս պաշտոնյաները չեն պատասխանել կամ ձևական պատճառներով չեն ընդունել դիմումները։ Քրեակատարողական բժշկական կենտրոնը անգամ նշել էր, թե նա հրաժարվել է անվճար վիրահատությունից, ինչին պաշտպանը հակադարձել է։
Պաշտպաններն արդեն հավաքել ու ներկայացրել են բոլոր պահանջվող բժշկական փաստաթղթերը և համաձայնությունները։ Դրանց հիման վրա Քրեակատարողական բժշկական կենտրոնը վերջապես վերահասցեագրել է դիմումը համապատասխան ստորաբաժանում և թույլ տվել կազմակերպել Միքայել սրբազանի վիրահատությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Պաշտպանական թիմը շնորհակալություն է հայտնել աջակցողներին ու լրագրողներին։