UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիան հայտարարել է, որ կցանկանար իր ուժերը փորձել բռնցքամարտում։
28-ամյա մարտիկը MMA-ում ունի 17 հաղթանակ և ոչ մի պարտություն։
«Գաղտնիք չէ, որ ես միշտ ցանկացել եմ փորձել իմ հմտությունները բռնցքամարտում, բայց միշտ հետևել եմ այս սկզբունքին․ ով ուզում է մեկ գնդակով երկու նապաստակ որսալ, ի վերջո ոչ մեկին էլ չի որսում։
Այդ իսկ պատճառով ես ուզում եմ նախ ավարտել իմ կարիերան խառը մենամարտերում (MMA), իսկ հենց ավարտեմ, ամբողջությամբ կկենտրոնանամ բռնցքամարտի վրա, քանի որ չեմ կարող նախ պատրաստվել MMA մենամարտին, հետո գնալ պատրաստվել բռնցքամարտի, իսկ հետո նորից վերադառնալ։ Կարծում եմ՝ դա այնքան էլ պրոֆեսիոնալ չէր լինի, ճի՞շտ չէ։
Բռնցքամարտը պահանջում է բոլորովին այլ մոտեցում, շատ, շատ, շատ տարբեր մարզումներ, որոնց ես պետք է հարմարվեմ։ Ակնհայտ է, որ սրանք տարբեր մարզաձևեր են, և օրվա վերջում սա ութանկյուն չէ, այլ ռինգ, ու ես պետք է հարմարվեմ դրան, իսկ դա ժամանակ է պահանջում, ինչպես կյանքում ամեն ինչ։
Ահա թե ինչու ես այժմ կենտրոնացած եմ խառը մարտարվեստների վրա, և երբ ավարտեմ, անկեղծ ասած, չեմ կարծում, որ երկար կմնամ այս մարզաձևում։ Ես կանցնեմ բռնցքամարտ և կզարմացնեմ շատերին», — Թոփուրիայի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Թոփուրիան անձնական խնդիրների պատճառով կարճատև դադար է վերցրել։ Նրա բացակայության ընթացքում Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ 2026 թվականի հունվարի 25-ին։ Այնուհետև, ըստ UFC-ի նախագահ Դանա Ուայթի, մենամարտի հաղթողը տիտղոսային մենամարտ կստանա Թոփուրիայի հետ։