Բժիշկ Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ միացել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ Գագիկ Ծառուկյան-ի գլխավորությամբ։
Խաչատրյանը նշել է, որ իր ողջ գիտակցական կյանքը ապրել է հայրենիքին նվիրումով՝ ընդգծելով, որ իր համար հայրենիքը մարդիկ են, որոնց հետ անցել է երկար և երբեմն դժվար ճանապարհ։
«Ես մեծ սիրով եմ իրականացրել բժշկի իմ վեհ կոչումը՝ փրկելով մարդկային կյանքեր։ Իսկական բժիշկը երբեք չի կարող անմասն մնալ մարդկային ցավին ու հայրենիքի ճակատագրին»,– նշել է նա։
Խաչատրյանի խոսքով՝ իր որոշումը պայմանավորված է երկրի առջև կանգնած լուրջ մարտահրավերներով։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է համախմբում։
«Սա այլևս քաղաքականություն չէ։ Սա մեր կյանքի ու մահու հարցն է»,– նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը տեսնում է որպես «փրկության փարոս»։
Նրա խոսքով՝ ծրագիրը համապարփակ է, ներառում է առկա խնդիրների հստակ ձևակերպում և դրանց լուծման ուղիներ, ինչպես նաև հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին մասնակցել՝ ներդնելով իր մասնագիտական կարողություններն ու փորձը։
Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով հնարավոր է հասնել «երազանքի Հայաստանի» կառուցմանը։