Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ուկրաինայի առաջնորդին դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակի փոխանցած տեղեկատվության՝ Երևանում Զելենսկին նախատեսում է անցկացնել մի շարք կարևոր երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Չեխիայի վարչապետերի հետ։
Նշենք, որ անցած շաբաթ Ուկրաինայի նախագահն այցելել էր Ադրբեջան, որտեղ առաջարկել էր Բաքուն դիտարկել որպես ռուս-ուկրաինական հնարավոր բանակցությունների հարթակ, սակայն Մոսկվան մերժել էր այդ առաջարկը։ Սպասվում է, որ երևանյան գագաթնաժողովի շրջանակում ևս Ուկրաինայի նախագահի ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգային և դաշնակցային հարաբերությունների զարգացման հարցերը։