«Անձը հաստատող փաստաթղթի մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը միտված է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրման ուղղությամբ պատշաճ իրավական ընթացակարգեր երաշխավորելուն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը:
«Կարևոր է այն հանգամանքը, որ մենք համակարգը ներդնում ենք պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության շրջանակում»,- ընդգծել է զեկուցողը: Նրա խոսքով փոփոխությունները նաև միտված են մեր երկրին մոտեցնելու Եվրոպական միության հետ վիզաների ազատականացմանը:
Ներկայացնելով հիմնական փոփոխությունները՝ նախարարը տեղեկացրել է, որ նախաձեռնությամբ 16 տարին լրացած անձանց համար նախատեսվում է նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր:
Ըստ գերատեսչության ղեկավարի՝ 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականը կդիտարկվի որպես անձը հաստատող փաստաթուղթ:
Ներկայումս նույնականացման քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց: Նախարարը փաստել է, որ ներկայացված օրենքի տրամաբանությանը համաձայն՝ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտին:
Փաթեթով ամրագրվել է, որ օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է մայիսի 11-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նիստում: