Կարևոր իրադարձություններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է DAAD պատվիրակությանը

31 Մարտ, 2025 23:30
Ժաննա Անդրեասյանն ընդունել է DAAD պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Թբիլիսիում DAAD տարածաշրջանային գրասենյակի ղեկավարը Ռեուլ Գեբհարդը, տարածաշրջանային գրասենյակի այլ ներակայացուցիչներ, ինչպես նաև Գերմանիայի կիրառական գիտությունների 19 համալսարանների ղեկավարներ:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ կրթության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացումը:

Նախարարը նշել է, որ Հայաստանը բարձրագույն կրթության համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում է, և միջազգային գործընկերների հետ քննարկումներն ու փորձի փոխանակումը կարևոր նշանակություն ունեն:

Ներկայացնելով մշակման փուլում գտնվող «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագիծը` նախարարն ընդգծել է, որ այն ուղղված է ՀՀ բուհերի մրցունակության ու արդյունավետության բարձրացմանը:

«Կիրառական գիտությունների ուղղությունն առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար՝ հանրային և տնտեսական զարգացման տեսանկյունից:

Այս տեսանկյունից կարևոր է ուսումնասիրել ձեր փորձն ու համագործակցության ուղիներ գտնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որի իրականացմամբ Հայաստանում ստեղծվելու է կրթագիտական նոր միջավայր՝ բարձրագույն կրթության և հետազոտության համար միջազգային բարձր չափանիշների սահմանմամբ:

Նշվել է, որ ծրագրի շրջանակում հայկական կողմն համագործակցում է Մյունխենի տեխնիկական համալսարանի, ինչպես նաև գերմանական մի շարք կազմակերպությունների հետ գլխավոր հատակագծի մշակման և մի շարք այլ աշխատանքների ուղղությամբ:

«Ակադեմիական քաղաքը պատկերացնում ենք որպես կրթական և հետազոտական բարձրորակ միջավայր բուհերի և գիտական կազմակերպությունների համար:

Միջազգային բուհերի հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի. ակադեմիական քաղաքում կարող են ներկայացված լինել նաև միջազգային բուհերը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը երկկողմ համագործակցության համատեքստում ընդգծել է նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության դերակատարությունը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ DAAD-ի միջոցով Գերմանիայի բարձրագույն կրթության ոլորտը հասանելի է դարձել նաև Հայաստանի ուսանողներին և դասախոսներին:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս ողջունել է հյուրերին և առավել մանրամասն ներկայացրել բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները:

Նա, մասնավորապես, անդրադարձել է բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացին, բուհական կրթական ծրագրերի խոշորացման և վերանայման համատեքստում միջազգային բուհերի հետ գործընկերության կարևորությանը, ինչպես նաև համատեղ կրթական ծրագրերի մշակման ինստիտուցիոնալացմանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) գլխավոր քարտուղարի տեղակալ Միխաել Հարմսը՝ ներկայացնելով Գերմանիայի բարձրագույն կրթության համակարգը, ինչպես նաև Գերմանիայում կիրառական գիտությունների համալսարանների միջազգայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Կողմերը կարևորել են Հայաստան-Գերմանիա համագործակցությունը, ՀՀ բուհերի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը կրթաթոշակների տրամադրման և ակադեմիական փոխանակման առաջատար կազմակերպություններից է աշխարհում:

DAAD-ի ծրագրերն աջակցում են ուսանողներին, գիտնականներին և հետազոտողներին՝ հնարավորություն տալով սովորել, հետազոտություններ իրականացնել կամ դասավանդել Գերմանիայում։

Լրահոս

Դիտել ավելին