Տուլայի մարզի Նովոմոսկովսկ քաղաքում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքեր և հարակից արդյունաբերական գոտու ենթակառուցվածքները: Տուժածների մասին տվյալները ճշտվում են, հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը:
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Նովոմոսկովսկի «Ազոտ» քիմիական գործարանում: Exilenova+ ալիքը գրում է, որ, դատելով կադրերից, հավանաբար այրվում է ԱՄ-70 ամոնիակի արտադրության ագրեգատը:
Բացի այդ, հարձակման է ենթարկվել Լիպեցկի մարզը: Դրա ղեկավար Իգոր Արտամոնովը հայտնել է տարածաշրջանում հրթիռային վտանգի մասին: Ուկրաինական մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի շրջանում հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել, այդ թվում՝ տեղի ՀՕՊ համակարգերի աշխատանքի արդյունքում: Բացի այդ, հաղորդվում է տեղի ռազմական աերոդրոմի շրջանում հասցված հարվածների մասին: