Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի զորավարժությունները Թայվանի մերձակայքում անհանգստություն են առաջացնում G7-ի երկրների շրջանում։ Այս մասին ասված է G7-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Մենք՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ԱԳ նախարարները, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խորը մտահոգություն ենք հայտնում Չինաստանի սադրիչ գործողությունների կապակցությամբ, մասնավորապես՝ Թայվանի շուրջ վերջին լայնածավալ զորավարժությունների կապակցությամբ:
Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, որոնք սպառնում են խաղաղությանը և կայունությանը, ներառյալ ուժը և հարկադրանքը:
Այս աճող և ապակայունացնող գործողությունները մեծացնում են լարվածությունը Թայվանի նեղուցում և վտանգում համաշխարհային անվտանգությունն ու բարգավաճումը:
G7-ի անդամները և ավելի լայն միջազգային հանրությունը շահագրգռված են Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- նշվում է տեքստում։