Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. համայնքներին տարեկան 7-9 մլն դոլար կտրամադրվի

31 Օգոստոս, 2026 11:47
Ստորագրվել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. համայնքներին տարեկան 7-9 մլն դոլար կտրամադրվի

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին ստորագրել է Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ Կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև։

Համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ստանձնում է համայնքային զարգացման տարեկան ֆինանսական ներդրումներ կատարելու պարտավորություն՝

  • շինարարության փուլում՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ,

  • արտադրության փուլում՝ տարեկան 7 մլն կամ 9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ կախված համապատասխան ժամանակահատվածում ոսկու միջին գնից,

  • 2025 թ. հուլիսի 1-ից մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ն ընկած առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Համաձայնագրով նախատեսվում է նաև ստեղծել Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամ, որի միջոցով կիրականացվի համայնքային զարգացման ծրագրերի ֆինանսավորման և կառավարման հիմնական մասը։

Փաստաթուղթը ստորագրել են նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը և Ջերմուկի համայնքապետ Մանան Գևորգյանը։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել «Լիդիան Արմենիայում» Կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Համաձայնագրի նպատակն է ծրագրի ազդեցության ենթակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ֆինանսական աջակցության տրամադրման, կառավարման, բաշխման և վերահսկողության միասնական իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի սահմանումը։

Համաձայնագրով սահմանված ազդակիր բնակավայրերն են Ջերմուկը, Կեչուտը, Գնդեվազը, Սարավանը՝ ներառյալ Սարալանջը և Ուղեձորը, և Գորայքը։

Լրահոս

Դիտել ավելին