«Նոր մաքսատուրքերը դեղամիջոց են ամերիկյան տնտեսության համար», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքերը փոխանցել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նախագահը հիմարություն է անվանել հարցնելը, թե որն է, իր կարծիքով, ֆոնդային բորսաների անկման սահմանը սակագների մասին լուրերի ֆոնին:
Թրամփը խոսել է Եվրոպայի, Ասիայի և աշխարհի այլ մասերի այն երկրների ներկայացուցիչների հետ զրույցների մասին, որոնք «տենչում են գործարք կնքել»։
«Ես չեմ ուզում, որ ինչ-որ բան անկում ապրի: Բայց երբեմն պետք է դեղեր ընդունել, որպեսզի շտկես ինչ-որ բան»,-ասել է նա:
Նրա խոսքով, ինքը շփվել է խոշոր տեխնոլոգիական գործարարների հետ, ովքեր վստահեցրել են՝ պատրաստ են աջակցել: Թրամփը հրաժարվել է նրանց անունները նշել: Հարցին, թե հնարավո՞ր է զրոյացվեն ԵՄ-ի հետ տուրքերը, նախագահը պատասխանել է, որ եվրոպական երկրները «ԱՄՆ-ից հարստություն են սարքել», և նրանց հետ գործարք չի լինի, քանի դեռ «տարեկան մեծ գումարներ չեն վճարել»։ Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ ապրանքների ներմուծման մաքսատուրքեր է սահմանել Չինաստանի հետ առևտրային հավասարակշռության դեֆիցիտի պատճառով։
«Մենք պետք է լուծենք Չինաստանի հետ առևտրային հավասարակշռության դեֆիցիտը: Չինաստանի հետ ունենք տրիլիոն դոլարի առևտրային դեֆիցիտ և տարեկան հարյուր միլիարդավոր դոլարներ ենք կորցնում: Քանի դեռ չենք լուծել այս խնդիրը, ես չեմ պատրաստվում գործարք կնքել: Ես պատրաստ եմ գործ ունենալ Չինաստանի հետ, բայց նրանք պետք է լուծեն իրենց պրոֆիցիտի խնդիրը»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Ապրիլի 2-ին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տասնյակ երկրների համար 10-ից 50% «հայելային» մաքսատուրքեր են սահմանվում՝ դրանք անվանելով «տնտեսական անկախության հռչակում»։
Միջոցառումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից։ Մինչ այդ՝ 10%-ի չափով հիմնական մաքսատուրքն ուժի մեջ կմտնի այլ երկրների նկատմամբ։