Կարևոր իրադարձություններ

Վազգեն Թևանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

07 Ապրիլ, 2025 15:51
Վազգեն Թևանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակիչի արգելքը:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակիցը գոտեմարտեց Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Իբրահիմ Իբրահիմովի հետ եւ պարտվեց 2:3 հաշվով: Մեկնարկային գոտեմարտում Թեւանյանը 3:0 հաշվով հաղթել էր բելառուս Իսլամ Գուսեինովին:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 5 ներկայացուցիչներից կիսաեզրափակիչ է դուրս եկել միայն Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը:

70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում նա 4:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի նկատմամբ: Երեկոյան մրցահերթում Անդրեասյանը  Եվրոպայի փոխչեմպիոն, վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Մեկնարկային գոտեմարտում Անդրեասյանը 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուս Լուժինսկիին:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) քառորդ եզրափակիչում գոտեմարտեց  Եվրոպայի փոխչեմպիոն, ռուսաստանցի Նաչեն Մոնգուշի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

79 կգ քաշային Հայկ Պապիկյանը որակավորման փուլում 0:10 հաշվով պարտվեց  ուկրաինացի Վասիլի Միխայլովին: 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով զիջեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանովին:

Լրահոս

Դիտել ավելին