Շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի և դրա հետևանքով բժշկի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է անապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
«Շտապօգնության ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որի հետևանքով վարորդը և ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղեւորը գիտակցության չգալով մահացել է»։
Հիշեցնենք՝ ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի ուշ հայտնել է, որ, ցավոք, բժիշկը մահացել է: