Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ցավալի է, որ ապրում ենք մի էնպիսի դարաշրջան, որտեղ մարդկանց ավելի հեշտ է տրվում վատաբանել ու ցեխ շպրտել մարդկանց վրա, քան գնահատել դրականը:
Խոսքս, մասնավորապես, վերաբերվում է լրատվամիջոցներին, երբեմն իրենց «գեղեցկագույն» ղեկավարներով, ինչպես նաև որոշ «քաղաքականացված» անհատների:
Հարգելիներս, բոլորդ ձեր սոցիալական հարթակներում ու ձեր լրատվամիջոցներով կոռուպցիայից եք խոսում: Ընկերներ, մի փոքրիկ հուշում անեմ՝ կոռուպցիայի մեծագույն դրսևորումներից մեկը գումարով հոդվածներ գրել կամ հանելն է, տարբեր պատվերներ կատարելն է, մարդկանց սորտավորելն է... Դուք էլ գիտեք, որ ես, վստահաբար, գիտեմ՝ ումի՞ց, ինչքա՞ն, ինչի՞ դիմաց ու ե՞րբ... Փոխարենը մի խորհուրդ էլ ես տամ, դադարե՛ք ինձ վերագրել քաղաքական տարբեր ուղղվածության մարդկանց հետ փոխկապակցվածություն ունենալը, ուղղակի դադարե՛ք:
Դադարե՛ք պատերի տակ բանբասել, էդ բանբասանքների արդյունքում սեփական կարճ ուղեղով ենթադրություններ անել, հետո մանկամիտ եզրակացությունների արդյունքում ինձ, օրինակ, ջնջել ՖԲ ընկերների ցանկից: Պարզունակ եք: Այսքանից հետո, շոյելով ձեր էգոն, գնում եք հանգիստ տուն ու մտածում՝ լավ արեցիք, հասնում էր: Էս ամենը կարող է միայն քմծիծաղ առաջացնել: Ընկերներ, մենք էս քաղաքում ապրում ենք ու շատ հաճախ առերեսվում: Շարունակելու եմ ուղիղ ու հպարտ, երբեմն նաև կարեկցանքով նայել ձեր աչքերի մեջ, այ, թե դուք ի՞նչ եք անելու...
Խոսում եք քաղաքականությունից ու փորձում եք ինձ ևս քաղաքականացնել: ԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՉԵՄ: Ես քաղաքական ուղղվածություն չունեմ: Դադարե՛ք ինձ փոխկապակցել Արամ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի հետ: Խրախուսվում է զանգելն ու էդ մարդկանց ուղիղ հարց տալ՝ երբևէ, որևէ քաղաքական կամ գործնական կապ ունեցե՞լ ենք իրար հետ: Պատասխանը, միանշանակ, լինելու է ՈՉ: Ես անհատ եմ ու, ինչ-որ կետից, բոլորդ պարտավոր կլինեք ընդունել այդ իրականությունը՝ անկախ նրանից, թե ձեր համար որքան բաղձալի էին այդ բանբասանքներն ու մանիպուլյացիաները, երբեմն նաև՝ եկամտի աղբյուր:
Որպես ամփոփում ասեմ՝ աշխարհն առաջ է գնում, իսկ դուք ստեղծել եք ձեր գաղջ ու կեղտոտ շրջակա միջավայրը, դոփում եք այդ կետում ու ձեզ բավարարված համարում: Ընտրությունը ձերն է: Ես իմ ուղին ունեմ, դուք՝ ձերը:
Կհանդիպենք»։