Կարևոր իրադարձություններ

100 ծառ չի հատվել, այլ՝ 23. կեղծիք տարածողներն ուզեն, թե չուզեն Երևանը կանաչապատվելու է․ Արմեն Բեգոյանը՝ ակտիվիստին

09 Ապրիլ, 2025 18:53
100 ծառ չի հատվել, այլ՝ 23. կեղծիք տարածողներն ուզեն, թե չուզեն Երևանը կանաչապատվելու է․ Արմեն Բեգոյանը՝ ակտիվիստին

Քաղաքացիական ակտիվիստ Էդուարդ Հայրումյանն այսօր տեսանյութ էր հրապարակել ասելով, որ Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի 100-ից ավելի ծառ է հատվել։ «Պատճառաբանել են դա նրանով, որ այստեղ պետք է անտառ հիմնեն։ Այո՛, այո՛, առողջ ու կանաչ 100-ից ավել ծառերը հատել են, որպեսզի անտառ հիմնեն»,-ասել է նա։

Shabat.news-ի հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, որ ծառեր տվյալ հատվածում հատվել են, սակայն ակտիվիստի նշած թվերն իրականությանը չեն համապատասխանում։
«Կանաչապատման մասով Էդուարդ Հայրումյանն այսքան ժամանակ ինչ ասել է հիմնականում եղել են կեղծիքներ։ Հիմա էլ հերթական կեղծիքն է տարածել»,- ասաց Բեգոյանը։

Նրա խոսքով՝ նշված հատվածում 5-ից 6 հեկտար տարածքի վրա հաջորդ շաբաթ իրականացվելու են ծառատնկման աշխատանքներ։ «Հիմնվելու է քաղաքային նոր անտառ, տնկվելու է 1000-ից 2000 ծառ։ Երևանի քաղաքապետարանը եկեղեցու տարածքում իրականացրել է շինարարական աշխատանքներ, բարեկարգել է, աստիճանավանդակներով կասկադ է ստեղծել, ջրավազաններ, և տարածքում առկա են եղել թվով 23 հիվանդ չորացած և փտած ծառեր, սանիտարական մաքրման աշխատանքներով դրանք հեռացվել են տարածքից։ Առողջ ծառերը պահպանվել են»։

Բեգոյանն ի պատասխան բոլոր նրանց, ովքեր դժգոհ են կանաչապատման աշխատանքներից, վաստահեցրեց, որ կանաչ գոտու վերականգնման աշխատնաքները շարունակվելու են։ «Երևան քաղաքի կանաչ զանգվածներն ավելանալու են, իրենք ուզե՞ն դա, թե՞ չուզեն»,- եզրափակեց ՀՈԱԿ-ի տնօրենը։

Լրահոս

Դիտել ավելին