Կարևոր իրադարձություններ

Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը

10 Ապրիլ, 2025 16:12
Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ապրիլի 10-ի նիստի ժամանակ ընթերցել է մի քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարել զբաղվել դրանով:

Քաղաքացին նամակում նշել է, որ ըստ օրենքի՝ շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացնի շրջանառության հարկի նոր ձև: Նոր ձևը պետք է լրացվեր ինքնաշխատ, ինչպես ներկայացրել են ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հանրային քննարկումների ժամանակ, սակայն իրականում, ըստ քաղաքացու, այլ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 
 

«Եթե մինչ այդ ինքնաշխատ ձևով լրացվում էին փաստաթղթով ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքները, ապա այժմ դա էլ չի լրացվում հաշվետվությունում, միայն ինքնաշխատ զրոներն են լրացվում: Հաշվետվություն գրելը մեծ դժվարություն չէ, եթե հարկային փոփոխություններում հստակ գրված լինեն այն ծախսերը, որոնք պետք է ներառվեն շրջանառության հարկ վճարողի մոտ:

Դժվարությունն այն է, որ ՊԵԿ ներկայացուցչի և ֆինանսների նախարարության ներկայացուցչի մեկնաբանություններն այդ ծախսերի վերաբերյալ տարբեր են, և հաշվետվության ինքնաշխատ չլրացման դեպքում դժվար կլինի հարկային տեսուչին ապացուցել հաշվարկված և վճարված հարկի ճշգտությունը»,- գրել էր նամակատուն:

Այս տեքստից հետո նա խնդրել է, որ վարչապետը ՊԵԿ-ին ու ֆինանսների նախարարությանը հանձնարարի պարզաբանել, թե առևտրական գործունեությամբ զբաղվող ԱՁ-ի իրացման ծախսերի մեջ ներառվո՞ւմ են առևտրի կենտրոնում վարձակալված տարածքի վարձավճարը, որտեղ իրականացվում է առևտուրը, նաև գանձապահ խորհրդատուի աշխատավարձը, որն իրականացնում է ապրանքի վաճառք, ինչպես նաև պոստտերմինալով վաճառքի դեպքում անկանխիկ վաճառքի դեպքում վաճառված, իրացված ապրանքի գնից՝ բանկի կողմից գանձվող 1,8-2,5 տոկոս միջնորդավճարը:

«Եթե հաշվետվությունը չի լրացվելու ինքնաշխատ, ապա հարցերի պատասխանների հստակ պարզաբանման դեպքում միայն ԱՁ-ն կարող է լրացնել և ճիշտ հաշվարկել իր հարկը և խնդիրներ չունենալ հարկային տեսուչների հետ ստուգումների ժամանակ»,- մանրամասնել է քաղաքացին:

Նամակն ընթերցելուց հետո վարչապետը նշել է, որ ինքը վերահասցեագրել է նամակը՝ պատասխան ստանալու համար, բայց առավոտվա դրությամբ պատասխան չի ստացել և խնդրել պատկան մարմիններին պատասխան տալ, որպեսզի Կառավարության հաջորդ նիստին հրապարակի այն:

 

Լրահոս

Դիտել ավելին