Կարևոր իրադարձություններ

530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ

15 Ապրիլ, 2025 14:14
530 մլն դոլարի ապօրինի գույքեր և դրամական միջոցներ արդեն վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը. վարչապետ

«Պիտի արձանագրեմ, որ այլևս անշրջելի իրողություն է ապօրինի գույքի բռնագանձման, պետական ու համայնքային շահերի պաշտպանության, քրեական գործերի քննության համակարգը»: 

Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. 

«Իմ ֆեյսբուքյան էջի #հատիկառհատիկ խորագրի նպատակը հենց այս գործընթացն ի ցույց դնելն է, ի ցույց դնելն է, որ այս գործընթացում Կառավարության քաղաքական կամքը ոչ միայն չի պակասել, այլև կոնկրետ արդյունքներ է տվել։ Մ

իլիարդավոր դրամների գույք այլևս վերադարձված է վերը հիշատակված իրավական կառուցակարգերով։ Վերադարձված գույքերի թվարկումը սկսել եմ և կշարունակեմ, որը հասանելի է բոլորին։ Բայց կարևոր եմ համարում ընդգծել, որ այսօր արդեն ավարտված քրեական վարույթներով, դատարաններում ավարտված քրեական գործերով, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, ինչպես նաև զինվորական դատախազության կողմից կիրառված դատախազական ներգործության միջոցներով, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 210 միլիարդ դրամի գույք և դրամական միջոցներ։

Այսինքն, այս 530 միլիոն դոլարի գույքերը և դրամական միջոցներն արդեն իսկ վերադարձված են Հայաստանի Հանրապետությանը։

Կրկին ուզում եմ ընդգծել, որ ապօրինի գույքը տիրապետողների կողմից ցաքուցրիվ անելու ռիսկերը առավելագույնս կառավարվում են, որովհետև շուրջ 1․7 միլիարդ դոլարի գույք այսօր գտնվում է կալանքի կամ արգելանքի տակ։

Վերը նշված, վերադարձված և կալանքի տակ գտնվող գույքերը պատկանում են նախկին նախագահների, նախարարների, համայնքների ղեկավարների, քաղաքացիական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց ընտանիքի անդամների և/կամ նրանց հետ փոխկապակցված անձանց։ 

Այդ գույքերը #հատիկառհատիկ վերադարձվում են և վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Այս պահին ավելի քան 600 միլիարդ դրամի, կամ 1․5 միլիարդ դոլարի ապօրինի ձեռքբերված գույքերի մասով գործեր են քննվում դատարաններում»- նշել է վարչապետը:

Խոսելով վերադարձվածի մասին առավել մանրամասնորեն, վարչապետը հայտնել է, որ արդեն իսկ վերադարձված գույքերի թվում են «Գոլդեն փելիս Ծաղկաձոր» հյուրանոցը, ԱՕՔՍ–ի շենքը Երևանի ամենակենտրոնում, Նորատուսի ռադիոկենտրոնը, մի քանի միլիարդ դրամ արժողությամբ հողամասեր Երևանում և մարզերում։ 

«Այս թեմային, սակայն՝ պետք է նայել նաև այլ դիտանկյունից։ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի Հանրապետությունը 21․8 տոկոս փայաբաժին ունի՝ իմ տված խոստմանը համաձայն։ Այս փայաբաժինն ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի։ Բայց սա ամբողջական պատմությունը չէ․ 2018–ից 2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ–ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդ յոթնամյա շրջանի, այսինքն՝ 2011–2017 թվականների հետ համեմատած։ Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում։ 

 

Բայց սա դեռ ավելին չէ․ 2024 թվականին ԶՊՄԿ–ն 33 միլիարդ 249 միլիոն դրամի շահաբաժին է վճարել պետական բյուջե։ Այսինքն, միայն ԶՊՄԿ–ի շուրջ մեր համբերատար, հետևողական գործողությունների արդյունքում, որն ընդ որում՝  միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի,  միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 միլիարդ դոլար գումար եւ գույք ենք վերադարձրել Հայաստանի Հանրապետությանը։ 

Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի նաև «Ամուլսարի» պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը և Հայաստանի Հանրապետության՝ 12․5 տոկոս փայաբաժին ձեռքբերելը, և ազդակիր համայնքներին տարեկան 7 միլիոն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը, «Վիվասել» ընկերության վաճառքն ու Կառավարության 20 տոկոս փայաբաժին ձեռքբերելը։ «Վիվա Արմենիա» ընկերությունն էլ 2025 թվականին, բացի վճարած հարկերից, պետական բյուջե է վճարել 2 միլիարդ դրամ փայաբաժին»,- ընդգծել է վարչապետը:

Լրահոս

Դիտել ավելին