Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք

15 Ապրիլ, 2025 14:26
«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկը. կկայանա բարեգործական ընթրիք

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։

Հիմնադրամի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։

 
 

««Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.

  • մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ
  • երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ
  • երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ
  • չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ

Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։

Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 044 444 113 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ․ հասցեին։ Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է՝ մայիսի 20, 2025թ․:

Այն նորաստեղծ ընտանիքները, ովքեր կցանկանան դառնալ ծրագրի այս փուլի շահառու, մասնակցության հայտ ներկայացնելու գործընթացին և չափանիշների մասին հայտարարություններին կարող են ծանոթանալ հիմնադրամի առաջիկա հրապարակումներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին