Այս մասին, Այսօր՝ ապրիլի 16-ին, Գյումրու ավագանու առաջին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի կողմից Գյումրիում քաղաքապետի թեկնածու ներկայացված Կարեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, որ իրենք չե՞ն շտապել հայտարարելով, որ քվեարկելու են Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալու օգտին ասաց․ «Ես չէի ուզում ուրախանար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որ մենք մտորում ենք, մտածում ենք, միանգամից հարցը փակել եմ»։
Հարցին՝ հնարավո՞ր էր այլ թեկնածու առաջադրել, նա պատասխանեց. «Քաղաքականությունն ունի իր կանոնները։ Առավելագույն ձայն ստացած ուժին եթե չես սատարում, ինքն էլ չի քվեարկելու ավելի քիչ ձայն հավաքած ուժի օգտին և գալու ենք նույն բանին՝ վիժեցնելու ենք համախմբումն ընդդիմադիր դաշտում, որն անցանկալի է։ Մեր նպատակը եղել է «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելը»։
Նա ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտի նպատակը մեկն է եղել ու առաջին օրվանից հայտարարել են՝ չեն միանալու «Քաղաքացիական պայմանագրին»։
«Պետք է հարգել գյումրեցու քվեն»,- ասաց նա։
Նշենք, որ այս պահին ընթանում է Գյումրիի ավագանու անդրանիկ նիստը, որտեղ պետք է ընտրվի քաղաքապետ: ՔՊ խմբակցությունը չի մասնակցում նիստին: Նիստը վարում է Վարդան Ղուկասյանը: