ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության տոնի առթիվ։ Դրանում ասված է․
«Սիրելի՛ ոստիկաններ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ: Լինելով պետականության հիմնասյուներից մեկը՝ Ոստիկանությունը մշտապես առաջին գծում է՝ հանուն օրենքի և օրինականության, հանուն հասարակական կարգի պահպանման, հանուն ժողովրդի անվտանգության ու բարօրության:
Հենց այդ առաջնահերթություններն են Ոստիկանության հենասյունային չորս ուղղությունների՝ Քրեական ոստիկանության, Պարեկային ծառայության, Համայնքային ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի հիմքում։
Սիրելի՛ ոստիկաններ, ցանկանում եմ երախտիքս հայտնել ձեզ: Յուրաքանչյուրիդ ներդրած ջանքերի և սրտացավության շնորհիվ է, որ իրականություն են դառնում ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք Ոստիկանություն ունենալու մեր ջանքերը:
Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում նաև մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եղե՛ք ձեր կոչմանն արժանի և հավատարիմ։ Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:
Շնորհակալությո՛ւն Ոստիկանության վետերաններին: Հավե՛րժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված մեր գործընկերներին»: