Ազգային ժողովի նիստի ընթացքում լարված միջադեպ արձանագրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ։ Նա խոսում էր Տավուշի շրջանում տեղի ունեցած միակողմանի զիջումների մասին՝ անդրադառնալով նաև իշխանության կողմից ներկայացվող այն թեզին, թե 2024 թվականը ամենախաղաղն է եղել։
«Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը գուցե ավելի խաղաղ լինի։ Իսկ այս կրակոցները ձեր վիճակագրությունը մի քիչ խառնում են», – նշեց Վարդանյանը։
Նրա ելույթի ընթացքում փորձ արվեց ընդհատել նրան իշխող ուժի պատգամավորների կողմից, ինչից վրդովվեց ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը։ Նա արձագանքեց տեղի ունեցողին, ինչին կտրուկ հակադարձեց նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը։
«Մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք, պարոն Խաչատրյան։ Նախ՝ սուս մնացեք, լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից։ Մի անցեք ձեր չափերը։ Հանգստացեք, հանգստացեք։ Դուք ձեր չափերը լավ չեք գծում՝ ես կգծեմ ուրեմն։ Հանգիստ», – բղավեց Ռուբինյանը՝ փորձելով վերահսկել իրավիճակը։