Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում 24 ժամից ավելի է փնտրում են գյուղի 2-ամյա Տիգրանին։
Ըստ նախնական վարկածի երեխան ընկել է Մարմարիկ գետը։ Քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում գետի երկայնքով։
Shabat.news-ի հետ զրույցում Մարմարիկ համայնքի վարչական ղեկավար Արթուր Քյարամյանն ասաց, որ այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են․ «Հենց այս պահին որոնողական աշխատանքներով զբաղվում է Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը։ Ամբողջ գիշեր 2 ջրասուզակ են աշխատել։ Որոնողական աշխատանքներին են միացել նաև գյուղի բնակիչները»,- ասաց Քյարամյանը։
«Հայրն ու պապիկը բակում մեքենայի վրա գործ էին անում, Տիգրանը քույրիկի հետ նույնպես տարածքում էր, հետո քույրը եկել է տուն, մայրը մտածել է՝ Տիգրանը հայրիկի մոտ է, հայրիկն էլ՝ հակառակը, մի քանի րոպե հետո հասկացել են՝ բալիկը չկա»,- պատմել էր ազգականներից մեկը։
Ինչպես հայտնել էր Տhamshyan.com-ը, քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։ Քրեական ոստիկանները պարզում են ահազանգողի և երեխայի ինքնությունը։