Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Արտուշ Գաբրիելյանի տանը խուզարկությամբ հայտնաբերված գումարը հայտարարագրված չի եղել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քրեական գործը, որով քրեական հետապնդում է իրականացվում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ՝ վերաբերում է կաշառք ստանալուն։
Քրեական գործի համաձայն՝ դատավորը կաշառք է պահանջել և ստացել՝ հօգուտ մեղադրյալի դատավարությունը ձգձգելու և հետագայում վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով կարճելու համար։ Քրեական գործով կալանավորվել են Արտուշ Գաբրիելյանը, նրա օգնականը և ենթադրաբար կաշառք տվող անձը։ Արտուշ Գաբրիելյանը մեղադրանքը չի ընդունում։
Իրավապահները խուզարկություններ են կատարել ոչ միայն դատավորի աշխատասենյակում, այլև՝ տանը, որտեղ հայտնաբերվել է բավականին մեծ գումար՝ մոտ 500,000 ԱՄՆ դոլարի չափով։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրը «Փաստինֆո»-ին հաստատեց այդ տեղեկությունը։
Պարզվում է, սակայն, հայտարարագրում Արտուշ Գաբրիելյանը, թեև խոշոր չափի կանխիկ գումար հայտարարագրել է, բայց ամենևին չի արտացոլում հայտնաբերված գումարի չափը՝ անգամ կեսը։
Մասնավորապես՝ դատավորի 2024թ․ հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ որպես կանխիկ գումար վերջինս տարեսկզբին մատնանշել է 15 մլն և 55 հազար դրամ, իսկ տարևերջում՝ 17 մլն կանխիկ դրամ։
Չոր հաշվարկով հայտարարագրված կանխիկ գումարը մոտավորապես 40,000 ԱՄՆ դոլար է, մինչդեռ, հայտնաբերվել է շուրջ 500,000 ԱՄՆ դոլարի չափով գումար։
Ի դեպ, Արտուշ Գաբրիելյանը նաև առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Ըստ Գլխավոր դատախազության՝ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: