Ճամբարակի հրդեհից տուժածներից մեկը մահացել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«Ճամբարակից երեկ Երևանի բուժկենտրոն տեղափոխված երեք տուժածներից մեկի՝ 69 ամյա տղամարդու կյանքը ցավոք ստի փրկել չի հաջողվել: Այսօր մահ է արձանագրվել: Մյուս երկու տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, գտնվում են բժիշկների հսկողության տակ:
Ճամբարակում հոսպիտալացված յոթ տուժածներից երեքը առավոտյան դուրս է գրվել, իսկ չորսի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ ու կստանան համապատասխան բուժօգնություն ու առաջիկայում դուրս կգրվեն», -ասաց Ծատրյանը:
Այսպիսով, Ճամբարակում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 6-ի:
Հիշեցնենք, որ hունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
«Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,- այսօր հայտնել էին առողջապահության նախարարությունից: