Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյին:
«Ողջունելով և շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Մալթայի նախագահը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն՝ ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների է՛լ առավել զարգացման:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Մալթայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, և կարևորվել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնել երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։
Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: