Կարևոր իրադարձություններ

Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ

13 Հունիս, 2025 16:47
Ես Իրանին հնարավորություն էի տվել գործարք կնքելու. դեռ կա ժամանակ, արեք դա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում ծավալուն գրառմամբ մեկնաբանել է Իրանի վրա Իսրայելի հարձակումները։

«Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու, ես տվել եմ շանս շանսի հետևից: Բայց որքան էլ նրանք փորձեցին, նրանք պարզապես չկարողացան դա անել: Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակից պաշտոնյաներ զվարթ տեսք ունեին, բայց նրանք պարզապես չգիտեին, թե ինչ է սպասվում: Նրանք բոլորը հիմա սպանված են, և դա միայն ավելի է բարդանալու:

Արդեն շատ մահեր ու ավերածություններ են եղել, բայց դեռ ժամանակ կա վերջ տալու այս կոտորածին:

Իրանը պետք է գործարք կնքի և փրկի այն, ինչ ժամանակին հայտնի էր որպես Իրանական կայսրություն»,- հավելել է Թրամփը։

Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն տեղյակ է Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրերի մասին, սակայն անմիջականորեն ներգրավված չի եղել այդ գործողության մեջ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ 

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մասին և սկսել է ռազմական գործողություն։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ գործողությունը կտևի «այնքան օր, որքան անհրաժեշտ լինի»։    

ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Իրանը բավականաչափ հարստացված ուրանի պաշար ունի մի քանի ատոմային ռումբ պատրաստելու համար մի քանի օրվա ընթացքում, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այս «անխուսափելի վտանգը» կանխելու համար: Օդային և թիրախային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին:   

Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին զգուշացրել է Իրանի տարածքին հարվածներից հետո «դառը և ցավալի» հետևանքների մասին։  

Խամենեին հայտարարել է, որ կատարյալ ազատություն է տալիս զինվորականներին:  

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թեհրանին Իսրայելի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, ավերվել են բազմաթիվ ենթակառուցվածքներ:     

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, միջուկային գիտնական, «Իսլամական ազատ համալսարանի» նախագահ Մոհամմադ-Մեհդի Թեհրանչին և «Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության» նախկին ղեկավար, միջուկային գիտնական Ֆերեյդուն Աբբասին։  

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դիմել է իսրայելցիներին՝ հայտարարելով Իրանի դեմ գործողության մասին և նշելով, որ պատասխան հարվածներ կլինենև պետք է պատրաստ լինել երկար ժամանակ մնալ ապաստարաններում:

Լրահոս

Դիտել ավելին