Կարևոր իրադարձություններ

Տավուշում երեխայի իրավունքների խախտման դեպքը պահանջում է ամբողջական քննություն. Անահիտ Մանասյան

28 Նոյեմբեր, 2025 13:34
Տավուշում երեխայի իրավունքների խախտման դեպքը պահանջում է ամբողջական քննություն. Անահիտ Մանասյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է Տավուշի մարզում բարձր դասարանցիների կողմից անչափահասի նկատմամբ իրականացված բռնության մասին հրապարակված տեղեկություններին՝ ընդգծելով, որ միջադեպը բացահայտում է հասարակական միջավայրում առկա խորքային խնդիրները։ Մանասյանի խոսքով՝ սա վկայում է բռնության հանդեպ հանդուրժողականության, կանխարգելման մեխանիզմների թերի լինելու և երեխաների իրավունքների պաշտպանության համակարգային բացերի մասին։
Պաշտպանը նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն՝ ապահովելու անչափահասների անվտանգությունը թե՛ դպրոցում, թե՛ կրթական այլ հաստատություններում, և թե՛ դրանցից դուրս։ Նա շեշտել է, որ տվյալ դեպքը պահանջում է ամբողջական և օբյեկտիվ քննություն։
Մանասյանը կարևորել է իրավապահ մարմինների, խնամակալության և հոգաբարձության մարմինների արագ և համակարգված արձագանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ապահովել տուժած աշակերտի անվտանգությունը, ինչպես նաև բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը։ Միաժամանակ պետական ու կրթական կառույցները պետք է ձեռնարկեն իրական կանխարգելիչ քայլեր՝ համայնքներում ու դպրոցներում բռնության վերացման ուղղությամբ։
Պաշտպանը նշել է, որ կրթական հաստատություններում բռնության կանխարգելման, հայտնաբերման ու պատշաճ արձագանքման մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման միջադեպերի կրկնմանը։ Անհրաժեշտ է մասնագետների պարտադիր դասընթացներ, կրթական ծրագրերում համապատասխան թեմաների ներառում, հստակ գործիքակազմերի ու ուղեցույցների կիրառություն։ Նա նաև ընդգծել է, որ պետք է ներդրվեն հստակ հաղորդման և արձագանքման մեխանիզմներ՝ ապահովելով գաղտնիությունը և բացառելով երեխայի թիրախավորումը։
Անահիտ Մանասյանը կոչ է արել լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին՝ անհապաղ հեռացնել ու չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ երեխայի լավագույն շահից ելնելով։ Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստելու անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը։

Լրահոս

Դիտել ավելին