Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը չի բացառում մասնակցությունը TRIPP նախագծին՝ Հայաստանի հետ քննարկումների արդյունքում

16 Դեկտեմբեր, 2025 11:05
Ռուսաստանը չի բացառում մասնակցությունը TRIPP նախագծին՝ Հայաստանի հետ քննարկումների արդյունքում
Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել այսպես կոչված «Թրամփի երթուղի» (TRIPP) նախաձեռնությունը և դրան Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Կալուգինի խոսքով՝ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել ԱՄՆ-ի և Հայաստանի կողմից առաջարկված նախագծի բոլոր բաղադրիչները, ինչից հետո Ռուսաստանը պատրաստ է քննարկել նախաձեռնությանը միանալու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, ինչպես նաև նշել է, որ առաջարկվող երթուղին կանցնի ռուս սահմանապահների պատասխանատվության գոտով։ Կալուգինը ընդգծել է նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է։
Նրա խոսքով՝ Երևանն ու Վաշինգտոնը նախաձեռնության հետագա քայլերը չեն իրականացնի առանց Ռուսաստանի հետ համապատասխան խորհրդակցությունների։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի շրջանակում բոլոր գործողությունները կիրականացվեն փոխադարձության սկզբունքով։
Նշենք նաև, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ նախագահի միջնորդությամբ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։

Լրահոս

Դիտել ավելին