3-ամյա Տիգրանը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետևանքով
17 Դեկտեմբեր, 2025 16:17
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երեխայի հայրը՝ Տ.Օ.-ն, վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս և իր մերձավոր ազգական հանդիսացող երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան։
Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ սպանությունից հետո Տ.Օ.-ն դիակը թաքցրել է դաշտամիջյան տարբեր հատվածներում, ապա տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից տարածք, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում երեխայի դին հայտնաբերվել է։
Դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում արձանագրվել են մարմնական վնասվածքներ։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման արդյունքում։
Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով՝ անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանություն՝ մերձավոր ազգականի կողմից։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու միջնորդությամբ։