Կարևոր իրադարձություններ

Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի համար այլընտրանք չունի. Արա Այվազյան

06 Մարտ, 2026 11:24
Երաշխավորված խաղաղությունը Հայաստանի համար այլընտրանք չունի. Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը հանդես է եկել «Երաշխավորված խաղաղություն» հայեցակարգի վերաբերյալ մեկնաբանությամբ՝ նշելով, որ Հայաստանի անվտանգության համար ինստիտուցիոնալ երաշխիքների ստեղծումը կենսական նշանակություն ունի։

Նրա խոսքով՝ հայեցակարգի շուրջ ընթացող քննարկումները ցույց են տալիս, թե որքան զգայուն է անվտանգության երաշխիքների հարցը Հայաստանի համար։ Այվազյանը նշում է, որ այն պոպուլիստական բառապաշարով մերժելը և կուսակցական կամ նախընտրական շահերին ստորադասելը նշանակում է չհասկանալ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նախկին արտգործնախարարը շեշտում է, որ «երաշխավորված խաղաղությունը» հիմնված չէ կողմերի բարի կամքի վրա, այլ միջազգային քաղաքականության իրատեսական տրամաբանության վրա։ Նրա դիտարկմամբ՝ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ գոյություն ունեն դրա ապահովման մեխանիզմներ և խախտման համար պատասխանատվության համակարգ։

Այվազյանը նշում է, որ խոսքը վերաբերում է միջազգային այն դերակատարների հետ պրագմատիկ հարաբերությունների ձևավորմանը, որոնք շահագրգռված են տարածաշրջանային հավասարակշռության վերականգնմամբ և որոնց ռազմավարական շահերը կարող են համընկնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հետ։

Նա նաև անդրադարձել է այն տեսակետներին, ըստ որոնց Հայաստանի անվտանգության երաշխիքները նախկինում արդեն գոյություն են ունեցել, սակայն ճակատագրական պահին չեն գործել։ Այվազյանի խոսքով՝ եթե գործող մեխանիզմները անարդյունավետ են եղել, դա չի նշանակում հրաժարվել անվտանգության երաշխիքներից, այլ՝ վերանայել և ինստիտուցիոնալորեն ամրապնդել դրանք։

«Պետությունը, որը գտնվում է հարևանների հետ ռազմական և ժողովրդագրական դիսբալանսի պայմաններում, միայնակ չի կարող լինել խաղաղության երաշխավոր։ Միջազգային քաղաքականության մեջ նման նախադեպ գրեթե գոյություն չունի»,– նշել է նա։

Այվազյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի նաև խախտումների դեպքում ավտոմատ քաղաքական և տնտեսական հետևանքներ, միջազգային քննության պարտադիր ընթացակարգ և նախապես համաձայնեցված արձագանքման միջոցներ։

Նա ընդգծել է, որ «երաշխավորված խաղաղությունը» չի նշանակում արտաքին կախվածություն, այլ նպատակ ունի վերականգնել Հայաստանի ռազմավարական նշանակությունն ու սուբյեկտությունը՝ ստեղծելով անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ պարտավորությունները և պատասխանատվության մեխանիզմները հստակ ձևակերպված են։

Ըստ նախկին նախարարի՝ Հայաստանի առաջ այսօր կանգնած է հիմնարար ընտրություն․ երկրի անվտանգությունը պետք է կամ ինստիտուցիոնալացվի միջազգային երաշխիքների միջոցով, կամ Հայաստանը կշարունակի գործել ուժային ճնշումների պայմաններում։

Լրահոս

Դիտել ավելին