«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը հետևողականորեն հանդես է գալիս միասնության, հասարակական երկխոսության, ազգային համերաշխության և համախմբման օգտին՝ այն համոզմունքով, որ միայն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության միջոցով է հնարավոր ապահովել պետության կայուն զարգացումը և անվտանգությունը, այսօր հայտարարում է Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու իր որոշման մասին։
Համոզված ենք, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն այսօր հայկական քաղաքական օրակարգի ներառական և կոնսոլիդացիոն այն հարթակն է, որն ի զորու է իր շուրջ համախմբել նրանց, ովքեր ցանկանում են դառնալ մեր ազգային վերածննդի և միասնության գործընթացի մասնակիցը՝ ներհայկական օրենքներով:
Այսօր կրկին վերահաստատում և հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու հասարակական ներուժը ներդնել «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում՝ այն դիտարկելով որպես հասարակության համախմբման և ազգային զարգացման ռազմավարական օրակարգի ձևավորման իրական գործիք։
Առանձնապես ընդգծում ենք, որ Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկված «Երաշխավորված խաղաղության» հայեցակարգը Հայաստանի համար իրական խաղաղության ապահովման միակ իրատեսական և արժանապատիվ ուղին է, որը համակարգային, ռազմավարական առումով հաշվարկված է և երաշխիքներով ապահովված:
Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային և ներքին բարդագույն մարտահրավերների պայմաններում միայն ջանքերի միավորումը, հստակ ազգային դոկտրինը և պատասխանատու քաղաքական կամքը կապահովեն Հայաստանի կայուն և արժանապատիվ ապագան։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է իր հանձնառությունը համախմբման գործին և գործնականորեն անցնում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում համատեղ աշխատանքին։
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն