Կարևոր իրադարձություններ

Հայ գերիների հարազատները խնդրել են դիմել Շվեյցարիայի կառավարությանը

03 Ապրիլ, 2026 14:45
Հայ գերիների հարազատները խնդրել են դիմել Շվեյցարիայի կառավարությանը

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում «Հովանավոր տերության» մեխանիզմը գործարկելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը», որի ղեկավարն է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Մենք՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներ ու ներկայացուցիչներ հանդիսացողներս, հայտնում ենք մեր խորին մտահոգությունը Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալիորեն վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար։

Մենք գիտակցում ենք, որ «Հովանավոր տերության» ինստիտուտը վերջին տասնամյակներում չի կիրառվել և կարող է անսովոր թվալ ներկայիս պայմաններում, սակայն բացառիկ և ապօրինի իրավիճակը, որի հետ առնչվում ենք, պահանջում է նման բացառիկ միջոցներ։ Ադրբեջանը շարունակում է մեկուսացված պահել հայ գերիներին իրենց ընտանիքներից, անկախ փաստաբաններից և մարդասիրական գործունեություն իրականացնող անկողմնակալ կառույցներից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է»,- ասվում է նամակում։

Նշվում է, որ առնվազն 19 անձ ներկայումս պահվում է Բաքվում, և նրանց հարազատները փաստում են, որ այս իրավիճակը հանգեցրել է իրավական պաշտպանության լուրջ բացի՝ ստեղծելով բռնության, վատ վերաբերմունքի և նույնիսկ բռնի անհետացման բարձր ռիսկեր։

Լրահոս

Դիտել ավելին