Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը

03 Ապրիլ, 2026 10:37
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի և քվեարկության կդնի Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է քննարկել քվեարկության դնել Բահրեյնի կողմից առաջարկված բանաձևը, որով նախատեսվում է պետություններին թույլատրել կիրառել բացառապես պաշտպանական, ոչ թե հարձակողական միջոցներ՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։

Բանաձևը, որն աջակցություն է ստացել Պարսից ծոցի վեց երկրների և Հորդանանի կողմից, ներկայացվում է այն պայմաններում, երբ աշխարհի տարբեր երկրներ արդեն զգում են նավթի հոսքի խափանման հետևանքները։ Նեղուցով սովորաբար իրականացվում է համաշխարհային նավթի մոտ մեկ հինգերորդի փոխադրումը։ Associated Press-ը հաղորդում է, որ բանաձևի վերջնական նախագիծը, որը գործակալությանը հասանելի է դարձել, էականորեն մեղմացվել է նախորդ տարբերակների համեմատ։

Նախորդ նախագծերով նախատեսվում էր պետություններին թույլատրել «կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները»՝ ՄԱԿ-ի ձևակերպում, որը ներառում է նաև հնարավոր ռազմական գործողություններ՝ ապահովելու անցումը և կանխելու միջազգային նավագնացությանը խոչընդոտելու փորձերը։

Մինչդեռ վերջնական տարբերակով պետություններին թույլատրվում է «կիրառել բոլոր անհրաժեշտ պաշտպանական միջոցները, որոնք համաչափ են Հորմուզի նեղուցում և հարակից ջրերում ստեղծված իրավիճակին»՝ ապահովելու անցումը և զսպելու միջազգային նավագնացությանը խոչընդոտելու փորձերը՝ «առնվազն վեց ամսվա ընթացքում»։ 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական ​​անդամ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը, որոնք բոլորն էլ իրավունք ունեն վետոյի կամ բանաձևի  արգելափակման։ Ռուսաստանն ու Չինաստանը կտրականապես դեմ էին արտահայտվել նախորդ նախագծերին, որոնք թույլատրում էին հնարավոր հարձակողական գործողություններ։


Լրահոս

Դիտել ավելին