ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել են սկսել 10-օրյա հրադադար։ Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարը ուժի մեջ մտցնել երեքշաբթի օրը՝ ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 17:00-ին։
Թրամփը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները 34 տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ հանձնարարել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Միացյալ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնին աշխատել կողմերի հետ՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Նա ընդգծել է, որ նախաձեռնությունը միտված է կայուն խաղաղության ապահովմանը՝ նշելով, որ նախկինում ևս ներգրավված է եղել միջազգային հակամարտությունների կարգավորման գործընթացներում։