Հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանը շարունակաբար դիմումներ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել այն միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավոր է պարբերաբար տեղեկություններ տրամադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, ինչպես նաև նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր վարույթներն իրականացվում են թափանցիկ և հրապարակային։
2026 թվականի ապրիլի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը՝ ևս մեկ անգամ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությանը շարունակել տեղեկություններ տրամադրել կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական տվյալների և իրականացված բժշկական հետազոտությունների ու բուժման հետ կապված այլ փաստաթղթերի վերաբերյալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև պարտավորեցրել է ներկայացնել հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական վարույթների շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռը կայացրած դատավորների պատճառաբանությունները՝ հիմնված գործում առկա ապացույցների վրա։