Շվեդիայի խորհրդարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում։
Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը։
«Խորհրդարանում մենք հիշատակեցինք Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության տարելիցը։ Ցեղասպանության ընթացքում սպանվել է մոտ 1.5 միլիոն հայ, ինչպես նաև կայսրության այլ քրիստոնյա փոքրամասնություններ՝ ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ և պոնտացի հույներ: Նրանց մեծ մասը մահացել է 1915-1916 թվականներին, սակայն հալածանքներն ու սպանությունները շարունակվել են մինչև 1923 թվականը: Զոհերը կազմել են տարածքի հայ բնակչության կեսից ավելին, իսկ փրկվածների մեծ մասը փախել է երկրից: Օսմանյան կայսրությունը մեծ մասամբ դատարկվել է իր քրիստոնյա բնակչությունից»,-գրել է շվեդ պատգամավորը:
Նա հիշեցրել է, որ 2010 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Նա նաև նշել է, որ արարողության ժամանակ ելույթ է ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն, ինչպես նաև Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը։