Պակիստանը որոշում է կայացրել թույլատրել ապրանքների տարանցումը դեպի Իրան իր տարածքով՝ նպատակ ունենալով ընդլայնել անդրսահմանային առևտուրը։ Այս մասին հայտնում է Express Tribune պարբերականը՝ հղում անելով երկրի առևտրի նախարարությանը։
«Իրանի հետ տարանցիկ առևտրի մասին, 2026» որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես և թույլ է տալիս երրորդ երկրներից ներմուծվող ապրանքները տեղափոխել Պակիստանի տարածքով՝ դրանք հասցնելով Իրանի նշված կետեր։
Որոշման իրականացման համար կատարվել են փոփոխություններ 1950 թվականի ներմուծման և արտահանման վերահսկողության մասին օրենքում՝ ապահովելով իրավական հիմք տարանցիկ գործընթացների համար։
Պաշտոնյաների փոխանցմամբ՝ նոր կարգավորումը վերաբերում է այն ապրանքներին, որոնք արտադրվել են Պակիստանից դուրս և տարանցիկ տեղափոխվում են դեպի Իրան։
Տարանցման հիմնական կետեր կդառնան Գվադար, Կարաչի և Պորտ-Քասիմ նավահանգիստները, որոնք կծառայեն որպես առանցքային լոգիստիկ հանգույցներ։