Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն հրապարակել է ընտանեկան բռնության վիճակագրությունը․ գերակշռում են ամուսինների ներգրավվածությամբ դեպքերը

01 Մայիս, 2026 22:24
Քննչական կոմիտեն հրապարակել է ընտանեկան բռնության վիճակագրությունը․ գերակշռում են ամուսինների ներգրավվածությամբ դեպքերը
ՀՀ քննչական կոմիտեի 2025 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2,398 քրեական վարույթ։ Դրանցից 630-ը փոխանցվել է նախորդ տարվանից, իսկ 1,768-ը ընդունվել է վարույթ հաշվետու տարվա ընթացքում։
Տարվա ընթացքում 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Բացի այդ, 7 գործ ևս դատարան է փոխանցվել՝ բժշկական հարկադրանքի կիրառման եզրափակիչ ակտով։
Միևնույն ժամանակ 972 քրեական վարույթ կարճվել է, որոնցից 887-ը՝ ռեաբիլիտացնող, 85-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 284 վարույթ միացվել է այլ գործերի, 32-ը փոխանցվել է այլ մարմինների, իսկ 630-ը տեղափոխվել է 2026 թվական։
Դատարան ուղարկված գործերով առավել տարածված են եղել ֆիզիկական ներգործության դեպքերը (211), ինչպես նաև հոգեկան ներգործության (20) և առողջությանը պատճառված տարբեր աստիճանի վնասները։ Գրանցվել են նաև ծանր հանցագործություններ՝ 3 սպանություն, 1 սպանության փորձ և 1 դեպք՝ ծննդկանի կողմից երեխայի սպանություն։
Մեղադրյալների կազմում գերակշռել են ընտանիքի անդամները․ դատարան ուղարկված գործերով 388 մեղադրյալից 261-ը եղել են ամուսիններ, 46-ը՝ ծնողներ կամ տատ/պապ, 34-ը՝ զուգընկերներ։
Տուժողների թվում 417 անձից 365-ը եղել են չափահասներ, իսկ 52-ը՝ անչափահասներ, այդ թվում՝ մինչև 12 տարեկան երեխաներ։

Լրահոս

Դիտել ավելին