Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Սանդուի այցի նպատակը Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցությունն է:
Այս տարվա գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 4-ին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» թեմայով։ Այն միավորում է շուրջ 50 եվրոպական երկրների առաջնորդների՝ հավասար հիմունքներով քննարկելու մայրցամաքի անվտանգությանը, կայունությանն ու բարգավաճմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովն անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, որից հետո այն հաջորդաբար հյուրընկալել են Քիշնևը, Գրանադան, Օքսֆորդշիրը, Բուդապեշտը, Տիրանան և Կոպենհագենը։ Կառույցը ծառայում է որպես քաղաքական երկխոսության ճկուն հարթակ և չի փոխարինում գոյություն ունեցող միջազգային կառույցներին։