Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությանը՝ նշելով, որ Եվրամիությանը միանալու ցանկությունը լուրջ և «հատուկ քննարկում» պահանջող հարց է։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ ժողովրդի համար շահավետ ցանկացած որոշման, սակայն կարևոր է համարում ժողովրդի ուղղակի կամարտահայտումը՝ հանրաքվեի միջոցով, որը կպատասխանի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցին։
ՌԴ նախագահն առանձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս զգալի տնտեսական օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Նա կոչ է արել պաշտոնական Երևանին հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնական որոշում կայացնել իր հետագա ինտեգրացիոն ուղղության վերաբերյալ։ Ըստ Պուտինի՝ հստակ կողմնորոշումն անհրաժեշտ է, որպեսզի կողմերը կարողանան իրականացնել այսպես կոչված «ինտելիգենտ բաժանում»՝ խուսափելով տնտեսական և քաղաքական ցնցումներից։