Զելենսկին պետք է զանգահարի Պուտինին։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն այս մասին ասել է սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում։ Ֆիցոն նշում է, որ մասնավոր զրույցի ժամանակ Զելենսկին ցանկություն է հայտնել հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով։
Ռոբերտ Ֆիցոն նաև ասել է, որ այս ուղերձը փոխանցել է ռուսական կողմին։
«Ես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձը փոխանցեցի Ռուսաստանի նախագահին։ Հայաստանում մեր անձնական հանդիպման ժամանակ նա ինձ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով։ Պատասխանը ակնհայտ է. եթե Ուկրաինայի նախագահը հետաքրքրված է հանդիպմամբ, նա պետք է հեռախոսով կապվի իր ռուս գործընկերոջ հետ»,- ասել է Ֆիցոն։
Հիշեցնենք, որ Սլովակիայի վարչապետը մայիսի 9-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։